«ՈՒրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»
02.06.2020 | 00:47
Մայիսյան հաղթանակների թագ ու պսակ մայիսի 28-ի տոնակատարության փոխարեն ականատես եղանք արտակարգ իրավիճակով պայմանավորված մի թատերականացված ներկայացման՝ դիմակահանդեսի, ըստ իս, ձախողակ, բայց «դուխով» բեմադրիչի և սցենարիստի հեղինակությամբ ու դերասանական կազմի վարպետությամբ, երբ հայկական երկու պետությունների իշխանական վերնախավն ամենայն հանդիսավորությամբ պաշտոնական այց կատարեց Սարդարապատի հուշահամալիր՝ նախանձելի օրինապաշտությամբ (մեղա քեզ, Տեր) հետևելով ՀՀ պարետի անբեկանելի հանձնարարականներին՝ դիմակավորված, բաց տարածքում պահպանելով սոցիալական հեռավորությունը՝ դեռ մի բան էլ ավելին: Ճիշտն ասած, անհանգիստ եմ ՊՆ նվագախմբի և երգչախմբի անդամների համար, որոնք ելույթ ունեցան՝ շրջանցելով արտակարգ դրության պայմանները: Խնայեք նրանց, չտուգանեք, չպատժեք, հատկապես շեփորահարներին: Նրանք ծառայության մեջ են, և զինվորական հրամանը քննարկման ենթակա չէ: Իսկ իրենց թանկագին առողջությունն ապահովագրած ամենափրկիչները «սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև», հանց ուրվականներ մոտենում էին Զանգ-աշտարակին՝ անտրամադիր, գլխահակ, լուռ, անխոս, մռայլ, անդեմ, ինչպես հոգեհանգստին ծաղկեպսակ դնող սգվորներ: Այնքան հեզ ու խոնարհ, որ անճանաչելի էր նրանց վարքը, անհասկանալի՝ նպատակը, անիմանալի՝ անհաղորդ կեցվածքը, մանավանդ որ դժվար էր կռահել, թե դիմակի հետևում ով ով է: Հիշեցնեմ, որ Սարդարապատում հայ ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակի շնորհիվ փրկվել բնաջնջումից, վերականգնել իր պետականությունը, և պաշտոնական այցելությունը ոչ թե սգո սրահ կամ գերեզմանատուն էր, այլ աննախադեպ (այո, ներեցեք նախնյաց իրենց սխրանքի համար, բայց ձեզանից առաջ էլ են աննախադեպ իրադարձություններ տեղի ունեցել հայ ժողովրդի կյանքում) հաղթանակին նվիրված հուշակոթող-հուշահամալիր: Հո վատ չե՞ք զգացել դրանից, հո այցը նեղություն չի՞ պատճառել երկրի փափկասուն նվիրյալներին և ընկճախտի առիթ հանդիսացել: Աշխարհիկները բավարարվեցին միայն ոմանց համար անհաճո հայոց եկեղեցու առաջնորդի աղոթքով, լռության մատնելով իրենց համար նույնքան տհաճ հայոց պատմության բեկումնային փաստը՝ խնայելով արդեն «Ճ կլասի» շրջանակներում դիտարկվող Հայոց ոսկեղենիկ լեզուն: Չհնչեց ոչ մի շնորհավորական ողջույնի խոսք, ելույթ, դիմում` հասցեագրված նորովի վերածնված պետականության սիրո և համերաշխության բերկրանքը վայելող քաղաքացիներին։ Միգուցե այս որակի դերակատարների պարագայում իսկապե՞ս լռելն էր խոհեմ, թե չէ ստիպված էին դարձյալ կոչ հնչեցնել հայությանը խելքի բերելու՝ միայն ինքնաբավ հիշողությանն ապավինելու, բայց ոչ երբեք պահանջատեր լինելու, անիմաստ քարոզներ կարդալու քաղաքակիրթ հարևանի, հայ-թուրքական բարեկամության մասին և հպարտ քաղաքացիներին խաղաղասիրության նախապատրաստող կոչեր հնչեցնելու, ապա այդ ուղղությամբ նախկինների հանցավոր գործունեության և բարի թուրքերի վերաբերյալ դրվագներ ու սխալներ խմբագրելու և այլն: Բայց նախընտրեցին լռել: Նույնիսկ գիշերային «լայվ» չմտան: Թե չէ դարձյալ արժանանալու էին հակահեղափոխական դավադիր դուրսպրծուկների վայրահաչոցներին և ապավինելու իրենց մարդասեր և ժողովրդավար հեղափոխության պահապանների հերթական հանցավոր սպառնալիքներին: Փաստերն անքննելի են, սակայն բացառիկության մի նոր երևույթ է կյանքի կոչվում, երբ դիմակավորումը նպաստում է դիմակազերծմանը: Միգուցե հասկացա՞ն իշխող կառավարիչները, որ պարզապես արժանի չեն խոսելու Առաջին հանրապետության և նրա հիմնադիր գործիչների մասին, որ դույզն-ինչ համեմատվելու եզրեր չունեն նրանց գործի և վարքի, նրանց պետական-ազգային և մարդկային նկարագրի հետ, որ ավելորդ և անիմաստ է իրենց այցելությունը Արամ Մանուկյանի հուշարձանին նույնիսկ փողոցներում հարու տվող կամ հեծանվի վրաերթի միջոցով մահափորձից խուսափող, Աժ նիստերի դահլիճը ռինգի վերածող և դատարանի վճիռն արհամարհող, փողոցային ժարգոնը որպես պաշտոնական բառամթերք կիրառող ընտրյալների մակարդակով: Շնորհակալություն, որ կաք, շնորհակալություն, որ ձեր թափանցիկ և անկեղծ գործունեության շնորհիվ ավելի ճանաչելի եք դառնում, ավելի ցայտուն է ընդգծվում նվիրյալի և շահամոլի. արարողի և սպառողի, դրականի և բացասականի, լույսի և խավարի տարբերությունը, սևուսպիտակի գունաբաժանումը: Ընտրությունը լավի և վատի, նույնիսկ վատի և վատթարագույնի միջև չէ: Խոսքը ընտրության հնարավորությունը բացառող ամոթ-խայտառակության մասին է: Չլինեին ՆՐԱՆՔ՝ Հայաստանի առաջին հանրապետության լուսեղեն երախտավորները, չէր լինի Հայաստանը, չէր կայանա Հայաստանի հանրապետությունը: Ի դեպ, հիշեցնեմ հայտնի ճշմարտությունն այն մասին, որ այն, ինչ վաճառվում և գնվում է, արժեք չունի, թեկուզ երեսուն արծաթով աճուրդի դրվի: Հասկանալի է, չէ՞, խոսքը վեհ գաղափարների մասին է: Հուսով եմ, հարկ չկա մերօրյա թավշաթաթախ ամենագետ իշխանիկներին ներկայացնելու, թե որոնք են վեհ գաղափարները: Էսպես չի մնա` կասեր Մեծ գրողը: Կառավարիչները հավերժական չեն, հավերժականը ժողովուրդն է՝ իր իրական ազնվազարմ նվիրյալներով, այն ժողովուրդը, որը նախանձախնդիր է իր ինքնության, ազգային դիմագծի պահպանմանը, որքան էլ որ դրան հակադրեն ներքին և արտաքին մարտահրավերներ: Հետևաբար, հավատացած եմ, Սարդարապատի հերոսամարտի հաջորդ տարելիցին, ի հեճուկս որոշ գավառամիտ փարիսեցիների, հայ ժողովուրդն իր հաղթանակների օրացույցում ավելացրած կլինի ևս մեկ Մեծ Հաղթանակ։
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ